Նորություններ

05/04/2020
Սպասվում է գործազրկության 1,3% աճ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն ԱԺ-ում ասել է, որ կորոնավիրուսի համավարակն ու դրան հաջորդող ժամանակահատվածը բացասական հետեւանք կունենան աշխատաշուկայի վրա։

«Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության ոչ ֆորմալ հարցաշարերի՝ սպասվում է, որ համավարակին հաջորդող ժամանակահատվածում գործազրկությունը Հայաստանում կավելանա 1,3%-ով՝ 17,7%-ից հասնելով 19%-ի։ Արդյունքում կունենանք 40 հազ. հավելյալ գործազուրկ»,- ասել է փոխնախարարը։

Արման Ուդումյանը նշել է, որ գործազրկությունը զգալի կլինի սպասարկման, հանրային սննդի ծառայություննրի ոլորտում, փոքր չափով կտուժի նաեւ շինարարության ոլորտը։ Գործազուրկների բանակը կհամալրեն նաեւ սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողները։

«Տարբեր մարտավարական քայլեր պետք է ձենարկել, որպեսզի տարբեր շահառու խմբերի համար ունենանք հասցեական ծրագրեր»,- ասել է փոխնախարարը եւ հավելել, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նոր աշխատատեղերի ստեղծման խթանման ծրագրեր է մշակել, որոնք ուղարկվել են կառավարություն, եւ առաջիկայում, հավանաբար, կկիրառվեն։

Աղբյուրը` banks.am